Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դիրքերի նվաճման քարոզչական պայքարում

Դիրքերի նվաճման քարոզչական պայքարում
03.04.2009 | 00:00

ԴԱՐՁՅԱԼ ԽԱՂԱՐԿՎՈՒՄ Է «ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ» ՍԽԵՄԱՆ
Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական բնութագրականն այսօր այն է, որ քաղաքային ավագանու ընտրություններից առաջ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունն ընտրազանգվածի համակրանքը նվաճելու իրենց գործունեությունը հիմնականում վարում են քարոզչական դաշտում։ Ընդ որում, իշխանությունը կարծես թե նոր է սկսում շտկել նախկինում թույլ տված որոշ սխալները։
Ընդդիմության գործը, սկզբունքորեն, ավելի հեշտ էր։ Բավական էր միայն կայացնել որոշում, որ քաղաքային ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու է նախագահական ընտրարշավում գործող նախագահի հիմնական մրցակիցն ու ընդդիմախոսը, և այդ հանգամանքն արդեն պայքարը տեղափոխում է քաղաքական հարթություն։ Քանզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի քաղաքապետ դառնալու համար չի մտել ընտրապայքարի մեջ։ Ինչպես և սպասվում էր, ընդդիմությունը հայտարարեց, որ սա նախագահական ընտրությունների չկայացած երկրորդ փուլն է, և իրենք դրան մասնակցում են իշխանափոխության նպատակով։
Սակավաթիվ քաղաքական ուժերի մասնակցությունը նույնպես զգալիորեն հեշտացնում է ընդդիմության խնդիրները։ Որովհետև ընտրապայքարին մասնակցող մյուս վեց քաղաքական միավորներից չորսը կառավարող կոալիցիայի կուսակցություններն են, մյուս երկուսը սկզբունքորեն ինքնանպատակ առաջադրումներ են։ Այսինքն, ընտրություններն ընթանալու են բևեռացված, երրորդ ուժի կամ երրորդ այլընտրանքի բացակայության պայմաններում, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս ընդդիմությանը` ընտրությունների գործընթացը դարձյալ խաղարկել «սև-սպիտակ» սխեմայով, որպես արմատական իշխանափոխության ձգտող ընդդիմության և ժողովրդի կողմից ատելի իշխանության դեմ մղվող պայքար։ Սա քաղաքական տեխնոլոգիաների առումով ամենաարդյունավետ մարտավարություններից մեկն է, եթե ընտրական գործընթացներին մասնակից որևէ ուժ իրավիճակը ծայրահեղ բևեռացնելու ցանկություն, մտադրություն և ռեսուրսներ ունի։
Եվ եթե ընդդիմությանը հաջողվեց այդ «սև-սպիտակ» դաշտը ձևավորել նախագահական ընտրություններում ոչ ավելի, ոչ պակաս 9 թեկնածուների մասնակցության պարագայում, ապա այս անգամ դա անհամեմատ ավելի հեշտ է լինելու։ Սա առհասարակ իշխանության թույլ տված սխալներից մեկն էր, երբ միջոցներ չձեռնարկվեցին բազմաբնույթ քաղաքական ուժերին ընտրություններին մասնակից դարձնելու և երրորդ ուժի կամ բևեռի թեկուզ թույլ իմիտացիա ստեղծելու համար։ Ակնհայտ է, որ ժողովրդական կուսակցությունը կամ ՀԱՍԿ-ը այդ գործառույթն իրականացնել ի վիճակի չեն լինելու այս ընտրարշավում։
Սակայն իշխանության մարտավարության մեջ վերջին շրջանում նկատելի են դրական փոփոխություններ. սկսել են երևալ համակարգվածության տարրեր։ Նախ` վերևներում, կարծես, հասկացել են, որ բևեռացումն անխուսափելի է, պետք է հասարակության մեջ որոշակի հանդուրժողականության մթնոլորտ ձևավորել, և այդ գործընթացի առաջամարտիկը պետք է լինի ոչ թե ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն, այլ գործող նախագահը։ Որովհետև մյուս կողմում հանդես է գալիս նրա, ոչ թե Գագիկ Բեգլարյանի հիմնական ընդդիմախոսը։ Երկու բավականին լայն ֆորումների անցկացումը, որոնց ընթացքում Սերժ Սարգսյանն ու հանրապետության վարչապետը բազմաժամյա շփում ունեցան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ ու փորձեցին պարզաբանումներ տալ կառավարության ներքին, տնտեսական ու արտաքին քաղաքականության մասին, նաև լսել ընդդիմախոսների քննադատությունն ու առաջարկությունները, հանրության մեջ իշխանության հեղինակության վերականգնման առումով դրական քայլ կարելի է համարել։ Գործող նախագահը վերջին շրջանում ավելի է ակտիվացել` այցելելով մարզեր, մասնակցելով տարբեր միջոցառումների։
Սա նշանակում է, որ իշխանությունը սկսել է հասկանալ` ընդդիմության հետ քաղաքական պայքարից խուսափել չի հաջողվի։ Փոխվել են նաև իշխանական քարոզչության ոճն ու բնույթը։ Եթե նախկինում բավականին կուշտ դեմքերով իշխանական պատգամավորները կամ պաշտոնյաները հեռուստաէկրաններից ու թերթերից փորձում էին համոզել հասարակությանը, թե սրանք ընդամենը համայնքային ընտրություններ են և չունեն քաղաքական պայքարի ենթատեքստ, ապա այժմ այս կարգի քարոզչական բարբաջանքների նվազում է նկատվում։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունը սկսել է գիտակցել` ընդդիմախոսների հետ պետք է պայքարել քաղաքական նախաձեռնություններով, նրանց ներկայացրած տեսակետին հակադրվելով` հանրությանը համոզել սեփական գաղափարների ու ծրագրերի իրավացիության մեջ։ Այս գործընթացը սկսվել է, և այն, որ «առաջին գծում» հենց գործող նախագահն է, ամրապնդում է նրա թիմի դիրքերը, երբ նա ցույց է տալիս, թե չի խուսափում ընդդիմության հետ բանավիճելուց, մեղադրանքներին հակադարձելուց։
Միաժամանակ իշխանությունը դիմեց բավական խորամանկ քայլի` տարաբաժանելով 7-ի գործը։ Այժմ այդ գործով իրականացվելու է մի քանի դատաքննություն միաժամանակ, և եթե «պատահաբար» դատական նիստերի ժամերը նույնպես համընկնեն, ապա ընդդիմությունն իր համախոհներին աջակցություն ցույց տալու համար հարկադրված կլինի տարաբաժանել իր ուժերը մայրաքաղաքային և մարզային դատարանների միջև։ Դե, իսկ եթե նոր դատաքննությունների արդյունքում, հաշվի առնելով վերջերս իրականացված օրենսդրական փոփոխությունները, կալանավորված 7-ից մի քանիսը կամ գուցե բոլորն ազատ արձակվեն դատարանների որոշումներով մինչև քաղաքային ավագանու ընտրությունները, դա կլինի իշխանության նախաձեռնած իրական քայլ` լարվածության լիցքաթափման ուղղությամբ։ Որովհետև քաղաքական կալանավորներին ազատ արձակելու ընդդիմության պահանջը, ըստ էության, դուրս կգա օրակարգից։
Ճիշտ է, տնտեսական իրավիճակի առումով իշխանությունների բախտն ուղղակի չի բերում։ Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա բավականաչափ զգալի է, կրճատվում են արտաքին տրանսֆերտները, ոչ առանց դիտավորության ձգձգվում է ռուսական վարկի հատկացումը, որի ենթատեքստում ակնհայտորեն քաղաքական ինչ-ինչ պահանջներ կան Հայաստանից։ Բայց այստեղ էլ իշխանությունների վիճակն անհույս չէ։ Մասնավորապես, թանկացումների ֆոնի վրա կարելի է անցնել ավելի խնայողական ռեժիմի, փորձել մինչև ընտրությունները գոնե մի քայլ կատարել թոշակների ու նպաստների բարձրացման ուղղությամբ։ Աշխատատեղերի կրճատումը կանխելու առումով էլ կարելի է օգտվել նույն ռուսական փորձից, և պետական որոշակի վերահսկողություն սահմանել այս ոլորտում։ Դրա համար անհրաժեշտ վարչական ռեսուրսները կան։ Դրամարկղային կտրոնների հետ կապված պետեկամուտների կոմիտեի նախաձեռնած ակցիան դրա ապացույցն է։ Այսօր Երևանի կենտրոնում կտրոն չտրամադրելու համար բավական շքեղ խանութներ են փակվում 5-10 օրով, որոնց հարկային մարմիններն առաջ երևի չէին էլ համարձակվի մոտենալ։ Նշանակում է` պետությունը կարող է տանելի կարգ ու կանոն հաստատել, եթե ցանկություն կա։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2898

Մեկնաբանություններ